«Հայաստան» դաշինքը պահանջում է դադարեցնել Հակոբ Մովսեսի լիազորությունները՝ ՀՌՀ անդամի կարգավիճակը խախտելու համար

«Հայաստան» դաշինքը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները։ Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը, ինչը Սահմանադրությամբ սահմանված է։

Դաշինքը շրջանառության մեջ է դրել նրան ՀՌՀ անդամի լիազորություններից զրկելու նախագիծ՝ իր պահանջի հիմնավորումները ներկայացնելով։ Ըստ այդմ՝ Հակոբ Մովսեսն Առաջին լրատվականին տված հարցազրույցում Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ) վիրավորող ու վարկաբեկող մի շարք արտահայտություններ է թույլ տվել, ինչը, նախագծում նշված է, «ՀՅԴ-ի նկատմամբ քարոզել է ակնհայտ ատելություն»։

Հակոբ Մովսեսին պաշտոնազրկելու առաջարկի տեքստում մատնանշված են ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը, որոնք սահմանում են ՀՌՀ անդամների պարտականությունները։ Ըստ այդ հոդվածի՝ անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն հրապարակային ելույթներում։

«Փաստացի հակակոռուպցիոնն ընդունում է, որ խախտում տեղի է ունեցել», – ասում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Հակոբ Մովսեսը պետք է ներկայանա Ազգային ժողով, եւ այդ հարցը քննարկվի։ Այն արդեն տեղ է գտել ԱԺ նախագծերում։ Հակոբ Մովսեսը Դաշնակցության, Հայ առաքելական եկեղեցու հասցեին տարատեսակ գնահատականներ է տվել, որոնց իրավունքն ի պաշտոնե չունի»։

Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ նշում է, որ Հակոբ Մովսեսը չի ներկայացել Ազգային ժողով, ինչի պատճառով նիստը հետաձգվել է։ Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է ուշադրությունը սեւեռել անկախ մարմնի ներկայացուցչի անթույլատրելի վարքագծի վրա։ «Մենք այս պարագայում մնացած պատասխանատվությունը թողնում ենք իշխող ուժի վրա, որն ունի ձայների մեծամասնություն եւ իր քվեներով որոշումներ է կայացնում։ Մեր գործառույթն այս պարագայում այն է, որ ցույց տանք, թե որքան սուբյեկտիվ, կողմնակալ ու անազնիվ, բոլոր տեսակի լծակները սեփական շահերի համար բանեցնող իշխանական ներկայացուցիչներով է շրջապատված գործող ուժը»։

More From Author

Հունվարի 27-ը ընտրվել է որպես Հայրենիքի պաշտպանության օր

Պետք է ավելի շատ հոգևորականներ ունենալ, որոնք կներկայացնեն Հայաստանը աշխարհում